AM
7 October 2023 - 07:44 AMT

Սանոսյանը տեղահանվածներին հորդորել է տներ գտնել և դուրս գալ հյուրանոցներից, որ ստանան 40+10,000 դրամ աջակցությունը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզպետի, համայնքապետի ուղեկցությամբ շրջայց է կատարել Վանաձորում, այցելել հյուրանոցներում, բնակարաններում, կեցության համար հարմարեցված այլ վայրերում տեղակայված բռնի տեղահանված արցախցիներին։

Հյուրանոցներում տեղակայված քաղաքացիներին նախարարը հորդորել է մարզպետարանի, համայնքի օգնությամբ գտնել բնակարաններ, տներ և տեղափոխվել, որպեսզի հնարավորություն ունենան օգտվել յուրաքանչյուր անդամին տրվող 40+10 հազար դրամ աջակցությունից, որը տրամադրվում է բնակարանի վարձավճարի և կոմունալ վճարների համար, հայտնում են նախարարությունից։

Նախարարը ծանոթացել է պայմաններին, լսել նրանց կարիքները, պատասխանել բռնի տեղահանվածներին հուզող բոլոր հարցերին, իրազեկել այս պահին գործող աջակցության ծրագրերի մասին, բացատրել դրանցից օգտվելու կարգը։

Նախարարը հավաստիացրել է, որ արվում է առավելագույնն իրենց առաջնային կարիքները հնարավորինս արագ գնահատելու և լուծելու համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։