Հոկտեմբերի 6-ին Սևանա լիճ են դուրս բերվել պարեկային ծառայության մոտորանավերը։ Դրանք կահավորված են ջրի վրա պարեկային ծառայություն իրականացնելու համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական սարքերով և միջոցներով։ Մոտորանավերը պատրաստ են ծառայության ցանկացած եղանակի։
Սեպտեմբերի 5-ին ՌԴ ՆԳ նախարարությունը ՀՀ ՆԳՆ-ին է նվիրել մոտորանավեր և ծառայողական շներ, որոնք կնպաստեն ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ծառայողական խնդիրների կատարմանը։
Արարողությանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ոստիկանության և պարեկային ծառայության ղեկավար կազմը։
Ներկաները նավերով շրջել են Սևանա լճում՝ տեղում ծանոթանալով փոխադրամիջոցների հնարավորություններին և համալրվածությանը։
Կարևորելով ջրային պարեկային ծառայության տեխնիկական համալրման գործում ներդրումը՝ Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի դեսպանին աջակցության համար։
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդգծել է երկու երկրի ՆԳ նախարարությունների միջև արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնել, որ Սևանա լճում ջրային փոխադրամիջոցներով ծառայության իրականացումը հնարավորություն կտա պարեկներին առավել արդյունավետ կատարել իրենց առաքելությունը։
Զուգահեռ իրականացվում են նաև վերապատրաստումներ՝ դեկտեմբերին Սևանա լճի տարածքում ջրային պարեկային ծառայության գործարկման նպատակով։