ՀՀ ԲԿ-ներում բուժում է ստանում Արցախից տեղահանված 302 բուժառու․ 113-ի վիճակը ծանր է, 11-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Վերակենդանացման բաժանմունքում շարունակում է մնալ 5 երեխա, ևս 8 երեխայի բուժումը շարունակվում է սովորական պայմաններում»,–ասել է նա, գրում է Aysor.am-ը։
Ֆրանսիայի և Բուլղարիայի տարբեր բժշկական հաստատություններ է տեղափոխվել 7 բուժառու։
Նշվել է նաև, որ «Հումանիտար կենտրոնի» թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են բազմաթիվ զանգեր, որտեղ նշվում է, որ Արցախից բռնի տեղահանվածները կառավարության տրամադրած 100 հազարական դրամները դեռ չեն ստացել։
«Նախօրեին մենք ներկայացրեցինք, որ մոտ 50 տոկոսի գումարներն արդեն իսկ փոխանցվել են ԿԲ-ի տրամադրած բանկային քարտերի տվյալներին, մնացյալ գործընթացը շարունակական է լինելու՝ երկուշաբթի օրվանից», – ասել է Բաղդասարյանը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։






