Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանն ասել է, որ հայկական կողմը փաստագրել է մեծ մասշտաբների հասնող պատերազմական հանցագործություններ, ուղղված մարդկության դեմ, որոնք կատարվել են ադրբեջանցիների կողմից։
Նա ասել է, որ Հայաստանը պետք է ակտիվ համագործակցի Ինտերպոլի և այլ երկրների հետ, որպեսզի հասնի ադրբեջանցի պատերազմական հանցագործների հանձնմանը, գրում է Aravot.am-ը։
«Այս հանցագործությունները կարելի է հետապնդել և մեղավորներին արդարադատության առաջ կանգնեցնել ՀՀ-ում, բայց մենք խնդիր ունենք՝ ինչպե՞ս հասնել նրանց ֆիզիկական ներկայությանը ՀՀ-ում։ Հասկանալի է, որ այս անձինք սեփական կամարտահայտությամբ չեն այցելելու ՀՀ։ Բայց միջազգային իրավունքում կան գործիքներ, երբ կարելի է նույն Ինտերպոլի կամ այլ պետությունների հետ համագործակցելով՝ հասնել հետախուզման և հանձնման։ Ի տարբերություն ադրբեջանական շինծու գործերի, որտեղ չկան փաստեր, մենք ունենք լուրջ ապացույցներ։ Եվ ապացույցները չեն ստեղծվել միայն Հայաստանում, միջազգային անկախ հետաքննությունները ևս բացահայտել են արարքներ։ Օրինակ՝ Սև լճի պարագայում մենք ունենք միջազգային հետաքննություն, որը հստակ արձանագրել է, որ հայ զինծառայողները գնդակահարվել են։ Իսկ այն, որ այդ գնդակահարությունը պատերազմական հանցագործություն է, դրա վերաբերյալ ևս կան գնահատականներ»,- ասել է Սահակյանը։
Ըստ նրա՝ հայկական կողմը պետք է ջանքեր գործադրի, որ հանցագործները փաստացի կանգնեն դատարանի առջև։
«Եվ նման հնարավորություններից մեկը համընդհանուր իրավազորության հատկանիշով այլ երկրներում հետապնդելն է։ Այստեղ կան դուրսբերված երկրներ, որոնց օրենսդրությունն ունի բավարար ճկունություն և կարող է համընդհանուր իրավազորության հիմքեր ստեղծել։ Երկրորդը, Հայաստանը պետք է ավելի ակտիվ համագործակցի Ինտերպոլի և այլ երկրների հետ, որպեսզի հասնի ադրբեջանցի հանցագործների հանձնմանը։ Այն, որ նման տեղեկություն չկա, կարծում եմ, որ արդյունք չունենք։ Եվ սա դրական արդյունք չէ՝ հաշվի առնելով, որ առանց հայկական կողմից պատերազմական հանցագործությունների կատարման, Ադրբեջանը ձերբակալել է Արցախի 8 բարձրաստիճան ռազմական-քաղաքական գործչի, որոնք մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ։ Իսկ հայկական կողմը չունի արձանագրած մեկ դեպք, երբ ադրբեջանցի գոնե միջին ռազմական գործիչ կանգնած կլինի դատարանի առջև՝ դա լինի ՀՀ-ում կամ որևէ այլ երկրում։ Ինքնին արդյունքները ցույց են տալիս, որ մենք այս պայքարում ևս արդյունավետ չենք եղել և ունենք պարտություն։ Բայց ես կարծում եմ, որ սա այն ճակատն է, որտեղ կարելի է ինտենսիվացնել ջանքերը և մոտ ապագայում ունենալ ռեալ արդյունքներ»,- հավելել է Սահակյանը։
ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։ Ադրբեջանի կողմից ձերբակալվածների թվում են նաև ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։
ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՀՀ–ն կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար։