AM
9 October 2023 - 12:14 AMT

Թաթոյանն ադրբեջանցիների կողմից քաղբնակավայրերը թիրախավորելու ապացույց է հրապարակել

«Թաթոյան» հիմնադրամն ապացույց է հրապարակել այն մասին, որ ադրբեջանական զինծառայողներն Արցախում սեպտեմբերի 19-ին զինված հարձակման են ենթարկել նաև քաղաքացիական բնակավայրերը:

«Այս տեսանյութը վերաբերում է Արցախի Չարեքտար գյուղին: Տարբեր փոքր տեսանյութերի հավաքագրումով կարողացել ենք հիմնավորել, որ ադրբեջանական զինված ծառայողները կրակոցներ են արձակել քաղաքացիական տների ուղղությամբ՝ ակնհայտ իմանալով, որ գյուղերի ու քաղաքների տներում մնացել են խաղաղ բնակիչներ:

Պատահական չէ, որ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումներով սպանվել է 18 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 6 երեխա»,–ասվում է գրառման մեջ։

Հիմնադրամը նաև տեսանյութ է հրապարակել։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է հասել են Հայաստան: Ըստ ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։