«Հայաստան» համահայկական հիմնադրամի վարչությունը, նպատակ ունենալով մեղմելու Արցախի հայաթափման արդյունքում ստեղծված ճգնաժամը, որոշել էր 5 միլիոն դոլար հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին։
Այժմ հիմնադրամը որոշել է մեկնարկել «Արցախի գաղթականների նախաձեռնություն» ծրագիրը՝ շարունակելու առավել քան 100,000 տեղահանվածին անմիջական աջակցություն հասցնելու աշխատանքը, ապա նախաձեռնելու նրանց կեցությունն ապահովելու ծրագրերը և ապահովելու կրթական, առողջապահական և հոգեբանական սպասարկումը, հայտնում է ՍիվիլՆեթը։
Ծրագրի երրորդ մասով նախատեսվում է ջանքերն ուղղել բռնի տեղահանվածներին աշխատանքային կարողությունների և կենսական այլ կարիքների ապահովմանը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է հասել են Հայաստան: Ըստ ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։