AM
9 October 2023 - 15:07 AMT

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներում 38 երեխա է ծնվել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում 38 ծնունդ է գրանցվել, որից 14-ը Երևանում է, 24-ը՝ մարզերում։ Այդ մասին ասուլիսում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նա հայտնել է, որ ըստ Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների, 278 բուժառու շարունակում է վերականգնել առողջությունը տարբեր բուժհաստատություններում․ 95-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր, միջին ծանրության 7 երեխա կա, հայտնում է Aysor.am-ը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 9082 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական հաստատություններում:

Բաղդասարյանի խոսքով՝ երևանյան կրթական հաստատություններ հաճախում է 2910 երեխա, մնացածը մարզերում են։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է հասել են Հայաստան: Ըստ ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։