ՀՀ ԱԳՆ խոսանk Անի Բադալյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Իսրայելում ՀԱՄԱՍ–ի հարձակման հետևանքով պատերազմական վիճակին, ասել է, որ Իսրայելում ծավալվող գործողությունների ընթացքում հայկական կազմակերպություններ չեն տուժել, ՀՀ քաղաքացիներ տուժածների շրջանում ևս չկան:
«Իսրայելում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Գործում է շուրջօրյա թեժ գիծ (+972 050 667 03 45):
Ըստ իրավիճակի հետագա զարգացման, հանդես կգանք լրացուցիչ տեղեկատվությամբ»,–ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ Իսրայելում ՀՀ դեսպանությունը կոչ էր արել երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ հարավային շրջաններ այցերից, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ տեղափոխվել ավելի ապահով շրջաններ: Խորհուրդ էր տրվում հնարավորության դեպքում մնալ հյուրանոցներում կամ բնակարաններում, որպեսզի օդային տագնապի դեպքում հնարավոր լինի մեկ րոպեի ընթացքում հասնել ապաստարան:
Հոկտեմբերի 7–ի վաղ առավոտյան իսրայելցիներն արթնացել են զանգվածային հրթիռակոծություններից, որոնք իրականցվում են Գազայի հատվածից։ Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Իսրայելում ռազմական դրություն է հայտարարվել։ Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել և ամբողջովին շրջափակել Գազայի հատվածը։
ՄԱԿ ԱԽ–ն հոկտեմբերի 8–ին տեղի ունեցած փակ նիստի արդյունքում հայտարարություն չի ընդունել պաղեստինա–իսրայելյան համակարտության գոտում իրավիճակի վերաբերյալ։ Մալթայի մշտական ներկայացուցիչ Վանեսսա Ֆրեյզերը հայտարարել էր, որ ոչ մի պետություն հայտարարության նախագիծ չէր ներկայացրել: