AM
10 October 2023 - 08:50 AMT

Ավինյանն ու Զեյնալյանը հուշագիր են կնքել․ Քաղաքապետի երդմնակալությունը` նոյեմբերի 21–ին

Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունները, հաշվի առնելով սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, Երևանի կառավարումն իրականացնելու են միասին՝ պատասխանատվությունը կիսելով։

Քաղաքապետի երդման արարողությունը կկայանա նոյեմբերի 21–ին, ինչպես նաև Երևանի ավագանու հաջորդ նիստը։

Տիգրան Ավինյանն ու Արտակ Զեյնալյանն ասուլիսի ընթացքում հուշագիր են ստորագրել, գրում է Panorama.am-ը։

«Հուշագիրը նշանակում է, որ գործադիրում նշանակումները կատարվելու են միասին ու փոխհամաձայնեցված։ Կառավարումն իրականացնելու են այս երկու խմբակցությունները միասին։ Բոլոր մանրամասները պարզ կլինեն հետագայում, ներքին քննարկումների արդյունքում մենք կներկայացնենք դրանք»,-ասել է Ավինյանը։

«Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանն ասել է, որ հուշագիրը ստորագրելիս առաջնորդվել են Երևանի, Հայաստանի շահով, Սահմանդրությամբ, ժողովրդական, իրավական ետության հիմնարար սկզբունքներով։

«Գուցե իդեալական տարբերակը չէ, սակայն իշխանություն ունենալն ավելի լավ սահմանդրական վիճակ է, քան իշխանություն չունենալը»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե պաշտոննե՞րն էին ՔՊ-ին աջակցելու գինը, Զեյնալյանն ասել է՝ պաշտոնը կարկանդակ չէ, ծառայություն է, ծանր աշխատանք, պատասխանատվության ստանձնում։

«Հանրապետություն» կուսակցությունը որոշեց ստանձնել այդ պատասխանատվությունը»,-ասել է Զեյնալյանը։

ՔՊ-ից Տիգրան Ավինյանն ընտրվել է Երևանի քաղաքապետի պաշտոնում: Քվեարկությանը մասնակցել է Երևանի նորընտիր ավագանու 37 անդամ, 32-ը կողմ է քվեարկել, 5 թեկնածու՝ դեմ: Անվավեր քվեաթերթիկ չկար։

Ավինյանը քաղաքապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր։ Երևանի ավագանու առաջին նիստին մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները։ Քվորումն ապահովված էր։

Նիստը բոյկոտել են «Մայր Հայաստանը» և «Ազգային առաջընթացը»։