Հոկտեմբերի 9–ի երեկոյան փորձել են դանակահարել բլոգեր Արթուր Չախոյանին։ Նրա վրա 3 երիտասարդ է հարձակվել, որոնցից մեկին Չախոյանին հաջողվել է վնասազերծել և հանձնել ոստիկաններին։
Ինքը Չախոյանը չի տուժել։ Նա հայտնի է իշխանությունների, մասնավորապես` քաղաքապետի և քաղաքապետարանի հասցեին իր քննադատություններով։
Չախոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է ներկայացրել իր կողմից բռնած անձին և զանգել ոստիկանություն։ Նա նաև ասել է, որ պարզելու է, թե դա ում պատվերն էր։
Մեկ այլ բլոգեր՝ Էդուարդ Հայրումյանը որոշ մանրամասներ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում։ Նա հայտնել է, որ Չախոյանի կողմից վնասազերծված տղան նախկինում արդեն դատապարտվել է դանակահարության համար։
«Էդգար Կուչուկյանը նախկինում դատվել է հենց դանակահարության համար։ Արթուր Չախոյանի վրա մահափորձ արած եռյակից մեկն ա՝ Էդգար Կուչուկյան (մականունը гусьик), սա էնա, որին Արթուրը հասցրելա «բռնի» ու փոխանցի ոսիկաններին»,–գրել է նա։ ։
Դեպքին արձագանքել է նաև ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Սոցիալական մեդիայից տեղեկացա, որ հարձակում է տեղի ունեցել Արթուր Չախոյանի վրա, ով վերջին շրջանում զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ։ Հարձակման մասնակիցներից մեկը կարծես թե տեղում վնասազերծվել է և հանձնվել ոստիկանությանը։
Իրավապահ ամբողջ համակարգից ակնկալում եմ, որ կբացահայտվի տեղի ունեցածի ամբողջ եղելությունը և բոլոր մեղավորները օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն։ Հասարակական ակտիվիզմը և ազատ խոսքը, ինչքան էլ՝ դրանք մեզ դուր գան կամ չգան, ժողովրդավարական և թափանցիկ կառավարման տարրերից են և պետք է պաշտպանված լինեն պետության կողմից»,–գրել է նա։