AM
10 October 2023 - 12:16 AMT

«Հանրապետության» և «Հանրային ձայնի» անդամները հանձնաժողովների նախագահ ու փոխնախագահ են ընտրվել

Երևանի ավագանու առաջին նիստում «Հանրապետության» և «Հանրային ձայնի» անդամները հանձնաժողովների նախագահ ու փոխնախագահ են ընտրվել։

Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում ընտրվել է «Հանրապետություն» խմբակցության անդամ Հայկ Սահակյանը։ Թեկնածուի օգտին կողմ է քվեարկել ավագանու 31, դեմ՝ 3 անդամ։

Ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Հանրային ձայն» խմբակցությունն առաջադրել է Վահան Ավագյանի թեկնածությունը, հայտնում է Panorama.am-ը։

ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասել է, որ կողմ են քվեարկելու ընդդիմության առաջադրած թեկնածուին, քանի որ իրենց համար առաջնահերթ է, որպեսզի ավագանու գործունեությունը լինի լիարժեք, հանձնաժողովները լինեն կազմավորված։ 37 կողմ ձայնով Վահան Ավագյանն ընտրվել է Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

Կրթության, սպորտի, մշակույթի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հանրապետություն» խմբակցոթյունն առաջադրել է Գոհար Բալդրյանի թեկնածություն։ 36 կողմ ձայնով նա ընտրվել է այդ պաշտոնում։

Հոկտեմբերի 10–ին կայացել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության հարցն էր, ընտրվել է ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանը։ Առաջին նիստին մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները։ Երևանի ավագանու նիստին ընդհանուր մասնակցել է ավագանու 37 անդամ։ Նիստը բոյկոտել էին Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը և Հայկ Մարությանի գլխավոր «Ազգային առաջընթաց» կուսակցությունը։