AM
10 October 2023 - 13:04 AMT

Ավինյանը ներկայացրել է իր թիմի ծրագրային 4 առաջնահերթությունը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասուլիսում ներկայացրել է իր թիմի ծրագրային առաջնահերթությունները, որոնք ուղղված են Երևանում բնակվող քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը։

Առաջինը նա նշել է Երևանում տրանսպորտային ցանցի ավարտական բարեփոխումները և խոստացել մայրաքաղաքում ավելացնել ավտոբուսների և էլեկտրական ավտոբուսների թիվը, ներդնել միասնական տոմսային համակարգ։ Ավինյանի խոսքով՝ մայրաքաղաքի ամբողջ տարածքում կլինեն ավտոբուսների համար առանձնացված գծեր, և առաջնահերթությունը կտրվի հասարակական տրանսպորտը նախընտրող քաղաքացիներին, գրում է Sputnik Արմենիան։

«Կարծում եմ, որ հասարակական տրանսպորտը պետք է առավելություններ ունենա, մենք այս տրամաբանությամբ ենք առաջնորդվում»,- վստահեցրել է քաղաքապետը։

Որպես երկրորդ առաջնահերթություն Ավինյանը նշել է քաղաքաշինական հարցերն ու խնդիրները։ Նրա խոսքով ՝ իրենց որոշումներով թույլ կտան ազատվել զբոսայգիներում ապօրինի շինություններից, ապօրինի կրպակներից ու սրճարաններից։

«Մենք կերտելու ենք Երևան քաղաքի նոր տեսքն ու դեմքը։ Քաղաքաշինության ոլորտը լինելու է մեր ուշադրության կենտրոնում», – ընդգծել է նա։

Որպես երրորդ առաջնահերթություն Ավինյանը մատնանշել է Երևանի աղբահանության խնդրի լուծումը, Նուբարաշենի աղբավայրի կոնսերվացումը և աղբի վերամշակման գործարանի կառուցումը։

«Չորրորդ առաջնահերթությունը լինելու է կապիտալ խոշոր ծավալի ներդրումները` մանկապարտեզների, սպորտդպրոցների, դպրոցների և բոլոր այն հաստատությունների կառուցումը, արդիականացումն ու վերանորոգումը, որոնք լինելու են Երևանի քաղաքապետարանի տիրապետության ներքո»,- նշել է նա։

Հոկտեմբերի 10–ին կայացել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության հարցն էր, ընտրվել է ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանը։ Առաջին նիստին մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները։ Երևանի ավագանու նիստին ընդհանուր մասնակցել է ավագանու 37 անդամ։ Նիստը բոյկոտել էին Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը և Հայկ Մարությանի գլխավոր «Ազգային առաջընթաց» կուսակցությունը։