AM
10 October 2023 - 13:12 AMT

Չախոյանի դեմ հարձակման գործով ձերբակալված չկա․ Դանակով հարձակվողը ևս հաղորդում է ներկայացրել

Հոկտեմբերի 9-ին երեկոյան, Երևանի բնակիչ Արթուր Չախոյանից հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Երևանի Գայի պողոտայի շենքերից մեկի շքամուտքի մոտ երեք անհայտ անձինք հարձակվել են իր վրա, սպառնացել, հարվածներ հասցրել, ինչի արդյունքում ինքն ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ նրանք դիմել են փախուստի: Այդ ընթացքում նրանցից մեկը, ով սայթաքել և ընկել է, դանակով փորձել է հարվածել իրեն, սակայն ինքը, նրա ձեռքից բռնելով, խլել է այն. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ դանակով հարձակված անձի ինքնությունը, որը Երևանի բնակիչ է։ Նույն օրը, երեկոյան, ավելի ուշ, հաղորդում է ստացվել է նաև Երևան քաղաքի նշված բնակչից, որ ինքը, տեղեկանալով, որ կա անձ, ով տեսանյութեր ու ինչ-որ ինֆորմացիաներ է ուղարկում ադրբեջանցիներին, փորձել է հանդիպում ունենալ նշված անձի հետ, ում ինքն անձնապես չի ճանաչում: Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդման, կոնֆլիկտ է առաջացել, ինչի հետևանքով ինքն ստացել է մարմնական վնասվածքներ:

Առաջին հաղորդման հիման վրա, ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, իսկ երկրորդ հաղորդման հիման վրա՝ 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում՝ համատեղ քննություն կատարելու համար:

Հաղորդում ներկայացրած երկու անձանց նկատմաբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դեպքի իրական հանգամանքները լիարժեք պարզելու, միջադեպին ներգրավված բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։ Նշված վարույթով ձերբակալված անձ չկա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 9–ի երեկոյան փորձել են դանակահարել բլոգեր Արթուր Չախոյանին։ Նրա վրա 3 երիտասարդ է հարձակվել, որոնցից մեկին Չախոյանին հաջողվել է վնասազերծել և հանձնել ոստիկաններին։ Ինքը Չախոյանը չի տուժել։ Նա հայտնի է իշխանությունների, մասնավորապես` քաղաքապետի և քաղաքապետարանի հասցեին իր քննադատություններով։

Դեպքին արձագանքել է նաև ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ հասարակական ակտիվիզմը և ազատ խոսքը պետք է պաշտպանված լինեն պետության կողմից։