AM
10 October 2023 - 13:58 AMT

Ավինյան. Երևանում հաշվառվել է Արցախից բռնի տեղահանված 8076 ընտանիք

Երևանում հաշվառվել է Արցախից բռնի տեղահանված 8076 ընտանիք, 31,350 անձ։ Այդ մասին Երևանի նորընտիր ավագանու հրավիրած անդրանիկ նիստին ասել է նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր նախընտրական ելույթում։

«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը կացարանների տրամադրմամբ չի զբաղվում, միայն իրականացնում է միգրացիոն ծառայության հաշվառումը, ծայրահեղ աջակցության կարիք ունեցող ընտանիքներին տրամադրում է առաջնային կարիքին ուղղված բնաիրային փաթեթներ, ինչպես նաև հավաքագրում է սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների վերաբերյալ տեղեկատվությունը, որը փոխանցվում է հայկական Կարմիր խաչի ընկերությանը»,–ասել է Ավինյանը, գրում է «Փաստինֆոն»։

Ավինյանը նաև ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը ակտիվ ներգրավված էր ԼՂ-ից տեղահանված անձանց տեղափոխմամբ դեպի ՀՀ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է հասել են Հայաստան: Ըստ ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։