AM
10 October 2023 - 14:51 AMT

Միրզոյանը շեշտել է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումների զսպման կարիքը

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետնախարար Ջեյմս Քլևերլին հոկտեմբերի 10–ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը:

Անդրադառնալով տարածաշրջանում ընդհանուր անվտանգային իրավիճակին՝ Միրզոյանը շեշտել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման անհրաժեշտությունը: Այս առումով կարևորվել է Գրանադայում հոկտեմբերի 5-ին կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության հիմնական ուղերձներին գործընկերների աջակցությունը:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն բազմիցս, այդ թվում՝ Լաչինի միջանցքի՝ ավելի քան 9 ամիս տևած ապօրինի արգելափակման ընթացքում ահազանգել է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի բացահայտ մտադրության մասին՝ հավելելով, որ միջազգային հանրությունը փաստացիորեն չկարողացավ գործուն քայլերով կանխել այդ մտադրության իրականացումը:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա հետևանքով առաջացած հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին և միջազգային գործընկերների հետ այդ հարցում փոխգործակցությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ՄԹ երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է հասել են Հայաստան: Ըստ ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։