AM
10 October 2023 - 14:57 AMT

Բնություն բաց թողնված եղջերուներից մեկը նկատվել է Սիփան և Ծիլքար գյուղերի մերձակայքում․ Պետք է հետևել անվտանգությանը

Բնություն բաց թողնված երեք ազնվացեղ եղջերուներից մեկն օրերս նկատվել է Արագածոտնի մարզի Սիփան և Ծիլքար գյուղերի մերձակայքում, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Եղջերուն Շրջակա միջավայրի նախարարության և WWF-Հայաստանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին «Դիլիջան» ազգային պարկ բաց թողնված կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին խմբի առանձնյակներից մեկն է, որը մինչ բնություն բաց թողնվելը գտնվում էր պարկում կառուցված եղջերուների բազմացման կենտրոնում:

Նախարարությունը հորդորում է հետևել ստորև նշված անվտանգության կանոններին․

«Մի´ մոտեցեք եղջերուին կամ փորձեք դիպչել նրան. պահպանե´ք անվտանգ հեռավորություն,

Զե´րծ մնացեք եղջերուին կերակրելուց. այն ունի սննդի իր բնական աղբյուրները,

Խուսափե´ք բարձր ձայներից կամ հանկարծակի շարժումներից՝ եղջերուին չվախեցնելու համար,

Կենդանուն երթևեկելիս նկատելու դեպքում զգուշացե´ք, նվազեցրե´ք արագությունը՝ վթարներից խուսափելու համար:

Իրազեկե´ք այլոց եղջերուների հետ հնարավոր առնչման մասին, որպեսզի նվազագույնին հասցվի մարդու և կենդանու միջև կոնֆլիկտի հավանականությունը»,–ասվում է գրառման մեջ։ :

Նշվում է, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված են պատասխանատվության միջոցներ: