AM
11 October 2023 - 07:17 AMT

Փաշինյան․ Սահմանին այժմ էսկալացիայի զրոյական մակարդակ է՝ կուտակումներ չկան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության եթերում, անդրադառնալով ՀՀ սահմաններին էսկալացիայի վտանգի մասին հարցին, ասել է, որ էսկալացիայի շատ ցածր, գրեթե զրոյական մակարդակ է:

Վարչապետը, սակայն, ոչինչ չի բացառել, քանի որ ժամանակակից աշխարհում զորքերի տեղաշարժը կարող է տեղի ունենալ մի քանի ժամվա ընթացքում։

«Եթե այսօրվա մասին եք ասում` կարող եմ ասել, օրինակ, ամեն օր ինձ զեկուցում են հրադադարի խախտման դեպքերը, և նախորդ ամբողջ օրվա ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին կրակվել է մեկ փամփուշտ, մեկ հատիկ: Այսինքն՝ սա, ըստ էության, էսկալացիայի շատ ցածր, գրեթե զրոյական մակարդակ է: Այս պահին մենք սահմանում զորքերի որևէ կուտակում չունենք, ոչ մեր կողմից, ոչ Ադրբեջանի կողմից: Այս պահին լարվածություն որևէ սահմանին չկա: Բայց մյուս կողմից ժամանակակից աշխարհում զորքերի տեղաշարժը կարող է տեղի ունենալ մի քանի ժամվա ընթացքում, օրերի ընթացքում: Այսինքն՝ Դուք ձեր հարցի պատասխանը կարող եք գտնել իմ այս խոսակցության արդյունքներից կամ հետևանքներից:

Մենք կարող ենք այստեղից դուրս գալ, այս եթերից հետո, և պարզվի, որ ինչ-որ բան տեղի է ունեցել, կամ կարող է տեղի ունենալ: Բայց ի՞նչ եմ ես ասում, եթե մենք այս հարցերը կարողանում ենք հասցեագրել՝ պատերազմը դառնում է անիմաստ: Եթե մենք այս հարցերը չենք կարողանում հասցեագրել՝ հավանականությունն, իհարկե, կմեծանա»,–ասել է նա։

Սեպտեմբերին խոսվում էր ՀՀ սահմաններին ադրբեջանական զորքերի կուտակումների մասին։ Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին զորքերի կուտակման մասին լուրերի տարածումից հետո Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ուժեղացրել է պարեկությունը սահմանային այդ հատվածներում։