AM
11 October 2023 - 10:32 AMT

Փաշինյան․ Պատրաստ ենք հանդիպել 3+3 ձևաչափով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է մասնակցել 3+3 ձևաչափով հանդիպումների։

«Այո՛, իհարկե պատրաստ ենք և այդ հանդիպման՝ 3+3 ֆորմատի վերաբերյալ, երբ տեղի է ունեցել հիմնադիր հանդիպումը, այնտեղ նաև որոշակի սկզբունքներ են պայմանավորվել և պայմանավորվածություն ձեռք բերվել: Մենք պատրաստ ենք շարունակել այդ ֆորմատում աշխատանքը և, իմիջիայլոց, ասեմ, որ նաև կարևորում ենք:

Ինչո՞ւ ենք կարևորում, որովհետև այնպես չստացվի, և սա մեզ համար երբեմն կրկնվող պրոբլեմ է, որ մենք տարածաշրջանային օրակարգն անընդհատ քննարկում ենք հեռու տեղերում, և չենք քննարկում այս տարածաշրջանում, որովհետև, այնուամենայնիվ, հասկանում ենք, իհարկե միջազգային հանրությունը, մեր գործընկերությունը բոլոր գործընկերների հետ շատ կարևոր է, բայց հանկարծ տպավորություն չստեղծվի մեր տարածաշրջանում, թե մենք մեր տարածաշրջանի երկրների և հարաբերությունների նկատմամբ ունենք, այսպես ասած, քամահրական վերաբերմունք»,–ասել է նա:

Վարչապետը հավելել է, որ ՀՀ արտաքին քաղաքականության նրբություններից մեկն այն է, որ կարևորում են հենց տարածաշրջանային հարաբերությունները՝ դրանք դուրս չդնելով միջազգային հարաբերությունների ընդհանուր կոնտեքստից:

«Ես գիտեմ, որ նաև ժամանակին ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 3+3 ձևաչափի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում: Եվ մենք պատրաստ ենք, իհարկե դեռ պետք է լրացուցիչ քննարկվի: Նախ՝ հանդիպումները գոնե մինչև այս պահը տեղի են ունեցել Արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով, հիմա նաև պետք է ճշգրտվի, թե ինչպիսի՞ն է կողմերի ընկալումը, ի՞նչ մակարդակով է պետք շարունակել խոսակցությունը, և մենք պատրաստ ենք:

Այո, այդ ֆորմատում մենք ընդգրկվել ենք և մինչև այս պահը չի եղել այնպիսի մի դեպք, որ այդ ֆորմատով քննարկումները հետաձգվեն կամ տեղի չունենան մեր պատճառով: Այդպիսի բան տեղի չի ունեցել»,–ասել է Փաշինյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ Կարևոր է, որ տարածաշրջանային խնդիրները լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ՝ «3+3» ձևաչափով։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ ասել էր, որ կարևոր է, որ տարածաշրջանային խնդիրները լուծվեն «3+3» ձևաչափով տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է, որին պետք է մասնակցեն Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունները՝ ՌԴ–ն, Թուրքիան և Իրանը։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում 2021-ի դեկտեմբերի 10-ին «3+2» ձևաչափով, քանի որ Վրաստանը հրաժարվեց մասնակցել նիստին Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։