AM
11 October 2023 - 08:49 AMT

«Հայաքվե» նախաձեռնությունն Արցախի հարցով օրինագիծը հանձնել է ԱԺ

«Հայաքվե» նախաձեռնությունն Ազգային ժողովին է հանձնել օրենքի նախագիծը, որով նախատեսում է քրեականացնել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելն ու հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելը։

Նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հաճախ տրվող հարցին, թե որքանո՞վ է արդիական Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայից և այնտեղ իրականացված էթնիկ զտումներից հետո այս օրենքի նախագիծը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մենք կարծում ենք, որ ավելի քան արդիական է, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Արցախը հանդիսացել է միջազգային իրավունքի սուբյեկտ, այն տասնամյակներ շարունակ եղել է բանակցային կողմ, եղել են մադրիդյան սկզբունքներ, որոնք մշակվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից, ուստի Արցախը` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, չի կարող մեկ օրում վերանալ էթնիկ զտման արդյունքում»,– ասել է նա։

Չալաբյանը վստահ է, որ եթե ԱԺ մեծամասնությունը դեմ քվեարկի այս նախագծին` հանցակից կդառնա Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան գործողություններին։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների վավերականությունը։ Նախաձեռնող խումբը ստորագրությունների հավաքման համար ուներ 60 օր՝ հունիսի 21–ից օգոստոսի 19–ը ներառյալ, բայց «Հայաքվեի» ստորագրահավաքն ավարտվեց օգոստոսի 5–ին, քանի որ արդեն իսկ հավաքվել էր 58,000 ստորագրություն։

«Հայաքվե» նախաձեռնության օրենքի նախագիծը խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար: Այն ԱԺ-ում պետք է ընդունվի պատգամավորների ձայների մեծամասնությամբ: