AM
11 October 2023 - 09:55 AMT

Մարության. Շարունակելու ենք աշխատանքը Երևանի ավագանիում՝ ի շահ մեր քաղաքի և երկրի

Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորած Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ շարունակելու են աշխատանքը Երևանի ավագանիում՝ ի շահ քաղաքի և երկրի։

«Իսկ ՔՊ՝ փոքրամասնության իշխանությունը պետք է հեռանա»,–գրել է նա։

Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 17-ի ընտրության արդյունքում ՔՊ-ն ավագանիում ստացավ փոքրամասնություն՝ 24 ձայն, հետևաբար՝ ընդդիմությունը ռեալ շանս ուներ մերժելու ՔՊ-ին, եթե առնվազն 33 ավագանու անդամ քվեարկեր ընդդիմության թեկնածուի օգտին։

«Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները կարող էին նաև բոյկոտել այսօրվա ավագանու նիստը՝ այդպիսով կանխելով ՔՊ վերարտադրությունը Երևանում։ Բայց «Հանրապետություն» կուսակցությունը ցույց տվեց, որ իրականում ընդդիմություն չէ, և ընտրեց ՔՊ թեկնածուին։ Այսինքն, արձանագրենք, որ «Հանրապետություն» կուսակցությանը ձայն տվողները ընտրել են ՔՊ-ն։

Ինչ վերաբերում է «Հանրային ձայն»-ին, ապա այս կուսակցությունը նախ իր ձայները փորձում էր վաճառել ընդդիմությանը՝ փոխարենն ինչ-որ պաշտոններ ուզելով։ Մենք դեռ այն ժամանակ հայտարարեցինք, որ այդ առաջարկը անօրինական է՝ վարչության պետերն ընտրվում են մրցութային կարգով և չեն կարող քաղաքական պայմանավորվածության առարկա լինել։

Հետո պարզվեց նաև, որ Հանրային Ձայնն առհասարակ չունի բավարար ձայներ, որովհետև նրանց ցուցակից մեկը բանտում է, մյուսը՝ արտասահմանում։ Այդ մարդիկ իհարկե, կարող էին հրաժարվել իրենց մանդատներից և տեղը զիջել ուրիշներին, բայց չգիտես ինչու, չարեցին այդ։ Հետևաբար, եթե «Հանրային ձայն»-ն իսկապես դեմ էր ՔՊ-ին, նրանց մնում էր ընդամենը բոյկոտել այսօրվա նիստը և բացառել ՔՊ թեկնածուի ընտրությունը։ Բայց դա տեղի չունեցավ։

Այսինքն, այստեղ ևս փաստենք, որ «Հանրային ձայն» կուսակցությունը աջակցեց ՔՊ-ին։ Միակ բանը, որ այս իմաստով պետք է պարզել, այն է, թե ինչ է ուզել և ինչ է ստացել Հանրային ձայնը ՔՊ-ից՝ իր աջակցության դիմաց։

Ինչևէ, այս պայմաններում ՔՊ թեկնածուն դարձավ քաղաքապետ՝ փաստացի երևանցիների տված ձայների, ինչպես նաև՝ ավագանու անդամների ձայների փոքրամասնությամբ։

Մենք ուզում ենք շեշտել, որ այս ընթացքում մեկ քայլ անգամ չենք նահանջել մեր հռչակած սկզբունքներից՝ կոալիցիա չենք կազմել ո՛չ ՔՊ-ի, ո՛չ նախկին ռեժիմի ներկայացուցիչների հետ, ոչ էլ գործարքի ենք գնացել բարոյականության և օրինականության հետ լուրջ կոնֆլիկտի մեջ գտնվող ուժի հետ»,–ասվում է գրառման մեջ։

Հոկտեմբերի 10–ին կայացել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության հարցն էր, ընտրվել է ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանը։ Առաջին նիստին մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները։ Երևանի ավագանու նիստին ընդհանուր մասնակցել է ավագանու 37 անդամ։ Նիստը բոյկոտել էին Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը և Հայկ Մարությանի գլխավոր «Ազգային առաջընթաց» կուսակցությունը։