ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյի հետ Երևանում տեղի ունեցած հանդիպմանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղը փաստացի ենթարկվել է էթնիկ զտման՝ ի հեճուկս միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ բազմաթիվ հասցեական կոչերի:
Միրզոյանը շեշտել է, որ 21-րդ դարում ԼՂ ժողովրդի՝ իրենց հայրենիքից զանգվածային տեղահանման կանխման ձախողումը հերթական անգամ վկայում է նման իրավիճակներում միջազգային դերակատարների կողմից հստակ քայլերի անհրաժեշտության մասին:
Անդրադառնալով Հարավային Կովկասոմ տևական խաղաղության և կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների զսպման, իսկ Ադրբեջանի կողմից դրանց բացակայության հավաստման պարագայում՝ այդ երկրի կողմից խաղաղության գործընթացում կառուցողական ներգրավվելու անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավել բռնի տեղահանված հայերի համար առկա հումանիտար մարտահրավերների և իրավունքների հասցեագրման շուրջ:
Բոնոն ՀՀ այցից առաջ եղել է Ադրբեջանում, հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Երևանում ու Բաքվում բանակցություններից հետո Լուիս Բոնոն կայցելի Փարիզ ու Բրյուսել։