AM
11 October 2023 - 13:01 AMT

Ստեփանակերտից բերված «Արցախ կարպետի» գորգը վաճառվում է՝ օգնելու բռնագաղթածներին

«Արցախ կարպետ» ընկերության Ստեփանակերտից բերված արցախյան ավանդական ձեռագործ գորգը՝ «Թագ գորգը» հանվել է վաճառքի՝ Արցախից տեղահանված մոտ 30 ընտանիքի օգնություն տրամադրելու նպատակով։

«Մի քանի օր առաջ Ստեփանակերտից իր ընտանիքի հետ Երևան տեղահանված մի երիտասարդ է իր նախաձեռնությամբ «Արցախ կարպետ» ընկերության Ստեփանակերտի գորգագործարանից փրկել այդ գորգը, հասցրել Երևան և բերել է ընկերության Երևանի խանութ», ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում։

«Արցախ կարպետ» ընկերությունը խորհրդանշական գնով գնել է այն և այժմ ցանկանում են վաճառել, հասույթը տրամադրել տեղահանված ընտանիքների առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման համար։

Վաճառքի նախնական գինը 1,000,000 դրամ է։

Գորգը կարելի է ձեռք բերել ընկերության խանութ֊սրահից` Երևան, Տաշիր առևտրի կենտրոն, 4-րդ հարկ:

Անհրաժեշտության դեպքում գնորդին կտրամադրվեն այն ընտանիքների ցանկն ու տվյալները, որոնց կուղղվի տվյալ աջակցությունը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։