ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, հրապարակել է Աշոտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը ևս 3 ամսով երկարացնելու որոշումը։
Ավելի վաղ պաշտպանական կողմը միջնորդել էր վերացնել Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը և այն փոխարինել անազատության հետ չկապված խափանման միջոցով։ Մասնավորապես, որպես այլընտրանքային խափանման միջոց՝ առաջարկվել էր 40 միլիոն դրամի չափով գրավը, տնային կալանքը և անձնական երաշխավորությունը, հայտնում է Factor.am-ը։
Մեղադրող դատախազներն առարկել էին միջնորդության դեմ՝ հայտարարելով, թե գործով դեռևս պետք է հարցաքննվեն վկաները, իսկ ազատ արձակման դեպքում Աշոտյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ ազդելով վկաների վրա։
Ի վերջո, կողմերին լսելուց հետո դատավոր Դոլմազյանը որոշում է կայացրել մերժել պաշտպանության կողմի միջնորդությունը։
Ըստ Քննչական կոմիտեի՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները: Աշոտյանը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումների գործով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով, որն առաջացրել է ծանր հետևանքներ։