AM
12 October 2023 - 10:34 AMT

Կիրակոսյանը՝ ՄԱԿ դատարանում․ Եթե սա էթնիկ զտում չէ, ապա ես չգիտեմ՝ որն է էթնիկ զտումը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր ելույթում, մասնավորապես, շեշտել է, որ 9 ամիս առաջ, կանգնած այստեղ, նախազգուշացրել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերին էթնիկ զտման ենթարկելու ծրագիր է իրագործում։

Նա նշել է, որ 9 ամիս անց Լաչինի միջանցքը բացվել է միայն մեկ նպատակով՝ հեռացող հայերի արտահոսքի համար։

«Եթե սա էթնիկ զտում չէ, ապա ես չգիտեմ՝ որն է էթնիկ զտումը», -ասել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը, հայտնում է «Ա1+»–ը։

«Տիկին նախագահ, մեծ ցավով եմ այսօր ես ասում, որ դա հիմա արդեն իրականություն է։ 9-ամսյա շրջափակումից հետո, որով կոպտորեն խախտվել են դատարանի որոշումները և, ի հեճուկս միջազգային լայնածավալ դատապարտման, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին մասշտաբային հարձակում ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի վրա, ցինիկաբար այդ ժամանակ Լաչինի միջանցքը բացեց 9 ամսվա ընթացքում առաջին անգամ՝ մի նպատակով, որ 100 հազարից ավելի փախչող հայերին դուրս թողնի այնտեղից», – հայտարարել է Կիրակոսյանը։

Ընդգծելով, որ հազարամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են եղել՝ Կիրակոսյանը շեշտել է՝ այսօր Լեռնային Ղարաբաղում գրեթե հայեր չկան։

Սեպտեմբերի 28-ին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման հարցով Ադրբեջանի դեմ հայց է ներկայացվել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է արել հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»:

Երևանն ակնկալում է, որ Բաքուն «ձեռնպահ կմնա պատժիչ միջոցներ ձեռնարկելուց Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինվորականների նկատմամբ։