Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսուցիչներին արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու հնարավորություն է ընձեռվում: Նա նշել է, որ մոտ 1500 այդպիսի աշխատանքային տեղ կա, որոնց կարող են հավակնել բռնի տեղահանված անձանց ուսուցչական մասնագիտություն ունեցողները:
Նա տեղեկացրել է, որ սահմանամերձ բնակավայրեր գնալու դեպքում արցախցի ուսուցիչները կստանան աշխատավարձ, 30% հավելավճար և 50,000 դրամ։ Դրանք են՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բոլոր բնակավայրերը, Գեղարքունիքի Ճամբարակ և Վարդենիս համայնքների բնակավայրերը, ինչպես նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքի բնակավայրերը:
30 տոկոս հավելումը վերաբերում է որևէ մարզ աշխատանքի գնալուն։
Բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին հնարավորություն ենք տալիս իրենց ուսումը շարունակել հայաստանյան հաստատություններում՝ ստանալով կրթաթոշակային աջակցություն, ինչը կօգտագործվի վճարովի ուսման տեղերի դեպքում վճարը կատարելու համար: Այդպիսի, ընդհանուր առմամբ, 4600, ըստ նախնական գնահատականների, ուսանողներ կարող են լինել, որոնք կարող են ընտրել իրենց ուսումը շարունակելու հնարավորությունը, 2100-ը՝ բարձրագույն կրթության մասով և 2500-ը՝ միջին մասնագիտական կրթության մասով:
«Նախարարությունը կատարել է այսպիսի աշխատանք՝ վերցրել է Հայաստանում տարբեր մասնագիտությունների գծով վարձավճարների չափերը, որոշման հավելվածով սահմանված է, թե որ մասնագիտությունն ընտրելուց այդ կրթաթոշակի չափը որքան կկազմի, և այնտեղ կա 400-ից մինչև 700 հազար դրամ միջակայք, օրինակ՝ բարձրագույն կրթության տեղերի համար, ըստ մասնագիտությունների: Եթե ուսանողը կընտրի այնպիսի բուհ, որ այս մեր սահմանած չափն է, կամ դրանից պակաս, ապա ամբողջ հատուցում կստանա: Եթե կընտրի այնպիսի բուհ, որտեղ մի քիչ ավել է այդ վճարը, ապա մեր տված այդ, օրինակ՝ 450 հազար դրամին կարող է ավելացնել ևս 30 հազար դրամ տարեկան, որ այդ վճարը կատարի, բայց ընդհանուր առմամբ բոլորին, ըստ էության, միջինացված, այս աջակցությունը ցուցաբերելով՝ մենք հնարավորություն ենք տալիս ընտրել այնպիսի բուհ, որ պետության տված աջակցությունը բավարար կլինի կրթությունն առանց իրենց կողմից հավելման շարունակելու համար»,–ասել է փոխվարչապետը:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։