AM
13 October 2023 - 06:40 AMT

Տիգրան Ավինյանը ստանձնել է քաղաքապետի պաշտոնը

Երևանի քաղաքապետարանում նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը երդվել է և ստանձնել քաղաքապետի պաշտոնը։ Հոկտեմբերի 13–ի առավոտյան մեկնարկած երդմնակալության արարողությունն անցել է փակ ձևաչափով, լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել։

Լրագրողներին ոչ միայն Երևանի քաղաքապետարանի շենք մտնել թույլ չեն տվել, այլև քաղաքապետարանի տարածք, «որ հանկարծ առաջ չգնան, հյուրերին հարց տան», ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Արփի Հակոբյանը։

Արարողությանը ներկա են երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ` վարչապետի, նախագահի ու ԱԺ նախագահի գլխավորությամբ։

«Ստանձնելով ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվում եմ Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրույթունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները։

Ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին, աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը», – երդվել է Տիգրան Ավինյանը, հայտնում է Aysor.am-ը։

Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանն 32 կողմ ձայնով ընտրվել է քաղաքապետ։ Նա չէր կարող միաձայն քաղաքապետ ընտրվել, քանի որ չէր հաղթահարել անհրաժեշտ 50 տոկոսի շեմը։ Թեև ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտելու կոչ էին արել, ՔՊ-ն, «Հանրապետությունը» և «Հանրային ձայնը»-ը, մասնակցելով ավագանու անդրանիկ նիստին, քվորում ապահովեցին և նիստը կայացավ։ Միակ առաջադրված թեկնածուն Տիգրան Ավինյանն էր և ընտրվեց քաղաքապետ։