AM
13 October 2023 - 09:44 AMT

ԱԽ քարտուղարը Կլաարի հետ քննարկել է Բրյուսելում սպասվող եռակողմ հանդիպման պատրաստությունները

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ Երևանում կայացած հանդիպմանը քննարկել է Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Գրանադայի հանդիպումից հետո, որին չի մասնակցել Ադրբեջանի նախագահ Ալիևը, հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են հոկտեմբերի վերջին հանդիպել Բրյուսելում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային խնդիրներին և կայունության պահպանմանն առնչվող հարցերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում կայացած հանդիպմանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, կարևորել դրա շարունակականությունը: