Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Արցախից բռնի տեղահանված 80,000 անձ տեղավորվել է ՀՀ մարզերում, որոնցից միայն 1600-ն է հարմարեցված շինություններում, այսինքն հյուրանոցում չէ, տանը չէ, որևէ բնակարանում չէ, այլ հարմարեցված վայրերում են։
Նա տեղեկացրել է նաև, որ Արտաշատի սպորտդպրոցի դահլիճում, որտեղ 104 արցախցի էր տեղավորվել, մնացել է 1 ընտանիք, հայտնում է Panorama.am-ը։
«Միակ տեղը, որտեղ համատարած բնակեցված են եղել, Արտաշատի սպորտդպրոցի դահլիճն է, որտեղ 104 մարդ է եղել։ Բոլորը տեղաբաշխվել են, այնտեղ մնացել է մեկ ընտանիք, որն այլ տեղ է տեղափոխվելու, խնդրել է ևս երկու օր մնալ», – ասել է Սանոսյանը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։