ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը շինծու է որակել հոկտեմբերի 13–ին Ադրբեջանում մեկնարկած Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի ապօրինի դատավարությունը։ Այդ մասին նա գրել է X-ի միկրոբլոգում։
«Շինծու դատավարություն Բաքվում, ցանկացած նորմերի լիակատար անտեսման ցուցադրություն ՀՀ քաղաքացի, Լեռնային Ղարաբաղի բնակիչ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ, որը ԿԽՄԿ ուղեկցությամբ տեղափոխվում էր Հայաստան՝ սրտի վիրահատության համար և որին առևանգել են ապօրինի անցակետում՝ ԼՂ-ում էթնիկ զտումներից մի քանի շաբաթ առաջ»,- ասվում է գրառման մեջ։
Ադրբեջանական ԶԼՄ–ներում բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակվել Բաքվում մեկնարկած դատավարությունից՝ ի ցույց դնելով 68–ամյա տարեց մարդու էմոցիոնալ վիճակը։
«Բաքվում դեռևս պատանդ պահվող հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք պետք է ազատ արձակվեն»,- նշել է Բադալյանը։
Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից առևանգվել է ապօրինի անցակետից հուլիսի 29–ին, երբ անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան էր տեղափոխվում ԿԽՄԿ ուղեկցությամբ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։