AM
16 October 2023 - 06:56 AMT

Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է ՀՀ ԱԱԾ–ում

Արցախի հերոս, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայությունում։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբանը` Ռաֆայել Մարտիրոսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նա ԱԱԾ է կանչվել որպես վկա։

«Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է մի քրեական գործի շրջանակում, որի մանրամասները ես չեմ կարող հայտնել։ Կարող եմ ասել, որ նրան հարցաքննել են որպես վկա։ Ասեմ նաև, որ նրա տված ցուցմունքները տվյալ գործի ընթացքի և մեղադրյալի հետ որևէ առնչություն չեն ունենա»,– ասել է Մարտիրոսյանը։

Արցախի Հանրապետությունից բնակչության բռնի տեղահանումից հետո, մամուլում և սոցցանցերում հակասական հաղորդագրություններ են եղել Բալասանյանի ճակատագրի մասին։ Գրում էին, թե ադրբեջանական ուժայինները նրան ձերբակալել են։ Փաստաբանը Sputnik Արմենիային վստահեցրել է, որ իր պաշտպանյալին ոչ ոք չի ձերբակալել։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։