AM
16 October 2023 - 09:56 AMT

Թաթուլ Հակոբյանի դեմ հայց կներկայացվի Ստեփանակերտում հայ պարետի նշանակման մասին գրառման համար

Արցախի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը զրպարտության համար դատական հայց կներկայացնի լրագրող Թաթուլ Հակոբյանի դեմ։

«Ապատեղեկատվություն տարածող այդ անձը հայտարարել էր, որ արդեն իսկ նշանակվել է Ստեփանակերտի պարետ, դրան համապատասխան մենք արձագանքել էինք, որ դրանք թուրք-ադրբեջանական ջրաղացին ջուր լցնող գործիչներ են, և, ցավոք, դա մաքսիմալ տարածում է գտել լրատվականներում։ Նույն Թաթուլ Հակոբյան կոչեցյալի դեմ առաջիկա օրերին զրպարտության համար հայց կներկայացվի դատարան», – ասել է Դավիթ Գալստյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Հոկտեմբերի 3-ին լրագրող Թաթուլ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ՝ պարետ։ Տեղեկությունը տարածվել էր ոչ միայն հայկական, այլ նաև ադրբեջանական լրատվամիջոցներով։ Մինչդեռ պարզ դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում պարետ է նշանակել ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովին։

«Քանի որ իմ անունն էլ էր շոշափվում, հայց կներկայացնենք դատարան, այդ ժամանակ հանրությունը կտեսնի, որ ամեն ինչ չէ, որ կարելի է ասել ու անցնել առաջ», – նշել է նա։

Դավիթ Գալստյանը պատասխանել է այն հարցին, թե որտե՞ղ է Սարգիս Գալստյանը և նրա անվտանգությունն ինչպես է ապահովվում։

«Նա գտնվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Երբ շատ ու շատ քաղաքական գործիչներ ամպագորգոռ հայտարարություն էին անում, որ նրանք վերջինն են դուրս գալու Արցախից, նա իր խոստմանը համաձայն, մի քանի տասնյակ անձանց հետ այսօր գտնվում է Արցախում և, ես համոզված եմ, որ քանի դեռ այնտեղ կա մեկ հայ, երկրորդը լինելու է Սարգիս Գալստյանը»,–ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։