AM
16 October 2023 - 10:43 AMT

Սամվել Բաբայանի հայտարարությունների և հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել

Իրավապահները քրեական գործ են հարուցել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների ու հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա։

Լաչինի ադրբեջանական անցակետն անխոչընդոտ հատած Բաբայանը Երևան հասնելուն պես իրավապահներին հորդորել է քրեական գործ բացել Արցախի իշխանությունների դեմ՝ «Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար», հայտնում է «Ազատությունը»։

«Ազատության» հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունից փոխանցել են, որ վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածներով՝ «Զինվորական պաշտոնեական անփութությունը» (Քրեական օրենսգրքի հոդված 550)՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, ինչպես նաև «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը» (ՔՕ հոդված 545)՝ առանց մարտի հանգամանքներով հարկադրված լինելու հրամանատարի (պետի) կողմից ամրությունը, մարտական տեխնիկան կամ մարտ վարելու այլ միջոցը հակառակորդին հանձնելը կամ թողնելը։

Գործով մեղադրյալներ այս պահի դրությամբ չկան:

Սամվել Բաբայանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, թե նախկին ու ներկայիս ղեկավարներն են հանձնել Արցախը։ Նա կոչ էր արել Դատախազությանը իր ասածներն ընդունել հայտարարություն հանցագործության մասին և քրեական գործ հարուցել։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։