AM
16 October 2023 - 11:59 AMT

Ազգային կոմիտեն կվերակազմակերպվի, շարժման նոր ձևաչափ կսահմանվի

Ազգային կոմիտեն «Հայաստանի անվտանգության սպառնալիքները, դրանց չեզոքացման ուղիները, ընդդիմադիր շարժման հետագա կազմակերպումն ու գործունեությունը» թեմայով քննարկում է հրավիրել, որին մասնակցել են Հայաստանում գործող ընդդիմադիր քաղաքական-հասարակական ուժերի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, անհատ հանրային գործիչներ։

Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Ազգային կոմիտեի վերակազմակերպման ու ընդդիմադիր շարժման նոր ձևաչափ սահմանելու հարցը։

Քննարկումն ընթացել է հետևյալ հարցերի շուրջ.

1.Արտաքին և ներքին միջավայրից բխող անվտանգության սպառնալիքներ

2.ՀՀ ապագա իշխանությունների հրատապ առաջնահերթություններն ազգային խնդիրների լուծման և անվտանգության սպառնալիքների դիմակայման գործում

3.Ընդդիմադիր շարժումների գնահատականը և հանրային պահանջներն ընդդիմությունից

4.Ընդդիմադիր նոր շարժման գաղափարական հայեցակետեր և գործառնական առաջարկություններ

5.Ընդդիմադիր նոր շարժման կողմից հանրային հաղորդակցության թեզեր, սկզբունքներ և եղանակներ

6.Ազգային կոմիտեի վերակազմակերպում ու ընդդիմադիր շարժման նոր ձևաչափի սահմանում։

Քննարկման մասնակիցներն իրավիճակի վերաբերյալ գնահատականներին զուգահեռ նաև մեծաթիվ արժեքավոր առաջարկություններ են ներկայացրել, որոնք ամփոփվել են Ազգային կոմիտեի աշխատանքային խմբի կողմից՝ հետագա գործողությունները կազմակերպելու համար։

Ազգային կոմիտեն ստեղծվել է 2023–ի սեպտեմբերի 21–ին համակարգելու համար սեպտեմբերի 19–ից մայրաքաղաքում մեկնարկած հանրահավաքները, երթերը և քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ պայմանավորված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված ծանր վիճակով։ Ցուցարարները պահանջում էին վարչապետի հրաժարականը: Սեպտեմբերի 22–ին ցույցերին էին միացել երևանյան բուհերի ուսանողները, սակայն 26–ի հանրահավաքը հետաձգվեց և հետո եղավ միայն մեկ հանրահավաք։ Դեռ սեպտեմբերի 21–ին համակարգող Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ Ազգային կոմիտեի կազմը պետք է ընդլայնվի։ Մամուլը գրում էր կոմիտեի կազմում լուրջ տարաձայնությունների մասին։