Արցախից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված 198 բուժառու բուժում է ստանում Երևանի տարբեր բժշկական կենտրոններում: Այդ մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Factor.am-ը։
Նրանցից 44-ի վիճակը ծանր է, 10-ինը` ծայրահեղ ծանր:
«19 պացիենտ բուժում է ստանում արտասահմանյան տարբեր կլինիկաներում: Այս պահի դրությամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 28.861 հայրենակից է կցագրվել պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ: Մոբիլ թիմերի կողմից զննվել է 604 արցախցի, որից 73-ը՝ երեխա, 18-ը՝ հղի»,- հայտնել են նախարարությունից։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։