AM
17 October 2023 - 06:38 AMT

Սամվել Բաբայանն Արցախը լուծարելու հրամանագիրը չեղարկելու և կառավարման նոր մարմին ստեղծելու հնարավորություն է տեսնում

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն Արցախի Հանրապետությունը մինչև հունվարի 1-ը լուծարելու՝ նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը չեղարկելու հնարավորություն է տեսնում։ Նրա համոզմամբ՝ Արցախի խորհրդարանը կարող է դիմել Գերագույն դատարան՝ այդ հրամանագրի օրինականությունը որոշելու հարցով, հայտնում է «Ազատությունը»։

«Եթե չի համապատասխանում, ապա կհեռացնի այդ կետերը խախտելու համար այդ նախագահին և կընտրի նոր մարմին, որը կկառավարի, կփորձի ժողովրդի վերաբնակեցման խնդիր կամ բանակցությունների խնդիր և այլն, լուծել», – ասել է Բաբայանը:

«Միասնական Հայրենիք» կուսակցության ղեկավարն ավելի վաղ ասել էր, թե առաջիկա օրերին Արցախի խորհրդարանական ուժերը պետք է հավաքվեն՝ իր առաջարկը քննարկելու։ Բաբայանի գրասենյակից փոխանցել են, որ առայժմ քննարկում տեղի չի ունեցել։

Սեպտեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը, որն այժմ Երևանում է, մինչև այս պահը որևէ կերպ չի անդրադարձել իր որոշմանը, չի բացատրել, թե ինչո՞ւ գնաց այդ ծայրահեղ քայլին։

Շահրամանյանի հրամանագրի օրինականությունը վիճարկելուց բացի, Բաբայանը նաև խոսել է արցախցիների՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորության մասին՝ շեշտելով, որ դա հնարավոր կլինի, եթե Ադրբեջանը համաձայնի Լեռնային Ղարաբաղին ինքնավար մարզի կարգավիճակ տալ և քննարկել այն փաթեթը, որը մինչև սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններն ինքն ուղարկել էր Բաքու։ Բաբայանը շեշտում է՝ եթե Ղարաբաղն ինքնավարության կարգավիճակ չստանա, ապա արցախցիները հետ չպետք է գնան։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։