AM
17 October 2023 - 07:58 AMT

Գևորգ Ալթունյանը կալանավորվել է

Պաշտպանության նախարարության լրատվական վարչության նախկին ղեկավար Գևորգ Ալթունյանը կալանավորվել է: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Գոռ Սաղոյանը, գրում է Aysor.am-ը։

Առաջին ատյանի դատարանը տնային կալանք և գրավ էր կիրառել Ալթունյանի նկատմամբ, դատախազությունը, սակայն, բողոքարկել էր։

Ալթունյանը կալանավորվել է երկու ամսով: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

«Մենք մեղադրանքի հետ համաձայն չենք, իրականության հետ կապ չունի։ Գևորգ Ալթունյանը տվել է մանրամասն ցուցմունք, պարզապես, քանի որ խոսքը վերաբերում է ՊՆ-ին, մանրամասներ չեմ կարող ներկայացնել», – նշել է փաստաբանը։

Նա ասել է, թե Ալթունյանի ու իր համար անհասկանալի է, թե ինչ է մեղադրանքի հիմքում։

«Մեզ համար անհասկանալի է, թե ինչ պրոցես է ընթանում, խոսվում է անապրանք գործարքների մասին, բայց ապրանքը կա, ու մենք քննիչին մանրամասն ներկայացրել ենք դա», – հավելել է Գոռ Սաղոյանը։

Գևորգ Ալթունյանն ու ևս 4 անձ, այդ թվում՝ Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը, մեղադրվում են ՊՆ գնումների գործընթացի արդյունքում «փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ»: