ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը մանրամասներ է ներկայացրել օգոստոսի սկզբին ջրհեղեղից տուժած Սլովենիային Հայաստանի կողմից աջակցություն տրամադրելու, ինչպես նաև Սլովենիայի կողմից Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած, նաև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում բնակվող երեխաների համար իրականացված ծրագրերի մասին, տեղեկացնում է Արմենպրեսը։
«Օգոստոսի սկզբին Սլովենիան բախվել է իր պատմության ընթացքում ավերիչ հետևանքներով ամենամեծ բնական աղետին՝ ջրհեղեղի, որի հետևանքով տուժել էր երկրի գրեթե երկու երրորդը: Կարևորելով բնական աղետների դեմ համարժեք արձագանքը, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց դեմ պայքարի ուղղությամբ ջանքերի համադրումը՝ դեռ օգոստոսին Սլովենիա կատարած այցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ արտահայտել էր ջրհեղեղի հետևանքների վերացման նպատակով Սլովենիային աջակցելու Հայաստանի պատրաստակամությունը: Վերջինս խորհրդանշում է ինչպես նման իրավիճակներում, որոնց Հայաստանը ևս առերեսվել է, ընդհանուր համամարդկային, փոխօգնության նկատառումներից ելնելով աջակցության կարևորությունն ու քաղաքական համերաշխությունը, այնպես էլ երկու երկրների միջև զարգացող փոխգործակցությունը:
2022թ. հոկտեմբերի 15-ին՝ ուղիղ մեկ տարի առաջ, Սլովենիայի կառավարության, մասնավորապես երկրի արտաքին և եվրոպական հարցերի նախարարության աջակցությամբ Սլովենիայի «Մարդու անվտանգության խթանում» (ITF) կազմակերպության կողմից իրականացվեց «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագիրը, որի արդյունքում 11 երեխա հյուրընկալվեց Սլովենիայի Դեբելի Ռտիչ վերականգնողական կենտրոնում:
Սա համագործակցության արդյունքում իրականացված առաջին ծրագիրն էր, որին 2023թ. օգոստոսի 26-ից սեպտեմբերի 3-ը հաջորդեց Հայաստանի սահմանամերձ շրջաններից երեխաների համար իրականացված ծրագիրը: Երեխաները հնարավորություն են ունեցել Սլովենիայի Կարմիր Խաչի Առողջության և երիտասարդության հանգստավայրում մասնակցել կրթական և ուսուցողական տարբեր ծրագրերի ու միջոցառումների»,–նշել է Բադալյանը։
Նա տեղեկացրել է, որ վերոնշյալ երկրորդ ծրագրի մեկնարկին կայացել է ԱԳ նախարարի այցը Սլովենիա, այդ թվում՝ տվյալ վերականգնողական կենտրոն, որտեղ նախարարը ծանոթացել է կենտրոնի գործունեությանն ու համագործակցության հնարավորություններին:
«Հավելեմ, որ այդ համագործակցությունը շարունակական է: Հոկտեմբերի 5-ին Երևան էր ժամանել Սլովենիայի «Մարդկային անվտանգության խթանում» (ITF) կազմակերպության տնօրեն Տոմաժ Լովրենչիչը, ում հետ ՀՀ իրավասու մարմինների քննարկումների ընթացքում գոհունակությամբ շեշտվել է երեխաների համար իրականացված ծրագրերի դրական ազդեցությունը և քննարկել են դրանց նոր փուլի ու այլ ծրագրերի կազմակերպմանն առնչվող հարցեր»,–ասել է ԱԳՆ խոսնակը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը 50,000 եվրո կհատկացնի Սլովենիային ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքների համար։