AM
17 October 2023 - 10:25 AMT

Աբրահամյան․ ԵՄ–ն օդային կամուրջ է գործարկում դեպի Գազա, բայց չարեց դա Արցախի 9–ամսյա շրջափակման ժամանակ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով դեպի Գազայի հատված օդային կամուրջ բացելու ԵՄ որոշմանը, հարց է տվել, թե ինչու միջազգային դերակատարները հումանիտար միջանցք չէին գործարկում Արցախի 9-ամսյա շրջափակման ժամանակ։

«Եվրահանձնաժողովը հայտարարել է «ԵՄ հումանիտար օդային կամուրջ» գործողության մեկնարկի մասին՝ Գազա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։

Ես, իհարկե, դեմ չեմ Գազայի խաղաղ բնակիչների մարդասիրական իրավունքների պաշտպանությանը և ինչ տեղի է ունենում վերջին օրերին, պարզապես մարդկային ողբերգություն է` երկուստեք հարյուրավոր զոհեր կանանց և երեխաների շրջանում:

Բայց ինչու՞ միջազգային դերակատարները հումանիտար միջանցք չէին գործարկում Արցախի 9-ամսյա շրջափակման ժամանակ, ինչու՞ էին նույն դերակատարները լուռ հետևում ադրբեջանական ագրեսիային և որպես հետևանք Արցախում էթնիկ զտումների իրականացմանը:

Թե ինչ թշնամություն է գործել մեր ժողովրդի նկատմամբ հայաստանյան իշխանությունն, արդեն բոլորին է պարզ, բայց դա չի արդարացնում միջազգային խաղացողներին` իրենց անտարբերությամբ ու լռությամբ հարյուրավոր զոհերի և մարդկանց հայրենազրկմանը տանելու կամ այդ գործընթացին նպաստելու համար»,–ասվում է գրառման մեջ:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։