AM
18 October 2023 - 07:58 AMT

Միրզոյանն ու Աբդոլլահիանը քննարկել են իրավիճակը Հրվ. Կովկասում և Մերձավոր Արևելքում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հոկտեմբերի 17–ի հեռախոսազրույցում մտքեր է փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի շուրջ։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է ԱԳՆ-ն։

Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրի ղեկավարների մակարդակով քննարկված ուղղություններով և ձևաչափերում փոխգործակցությանը, ինչպես նաև հայ-իրանական երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ աշխատանքներին:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։