Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հոկտեմբերի 17-ին համատեղ այց են իրականացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց` Աղավնաձոր բնակավայրում տեղակայված ժամանակավոր կացարան։
Բռնի տեղահանվածների հետ առանձնազրույցներ են եղել, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման գործընթացները։ Հատուկ ուշադրություն է դարձվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերին։
Բռնի տեղահանված անձինք Պաշտպանին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել են իրենց կրած զրկանքները և բռնի տեղահանման արդյունքում առաջացած խնդիրները։
Նրանց կողմից Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված հարցերը տեղում քննարկվել են պատասխանատու աշխատակիցների, այդ թվում՝ բուժաշխատողների հետ։
Այցի արդյունքում Պաշտպանի արձանագրած խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին:
Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։ Մարդու իրավունքների Պաշտպանի և Պաշտպանի աշխատակազմի այցերը լինելու են շարունակական։
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը այցելելու է նաև Ադրբեջան ու Լեռնային Ղարաբաղ՝ կենտրոնանալով հակամարտությունից տուժած մարդկանց իրավունքների վրա։ Այցի վերջում հրապարակվելու է հայտարարություն։