AM
18 October 2023 - 11:53 AMT

«Ազատություն»․ ՀՀ տեղափոխված արցախցի կալանավորները, այդ թվում՝ լրտեսության մեջ մեղադրվողները, ազատության մեջ են

Արցախցիների տեղահանման վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ազատ է արձակվել տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող 10 կալանավոր և մեկ դատապարտյալ։ Թե որտե՞ղ են նրանք այժմ, Հայաստանի իրավապահ մարմինները տեղյակ չեն, գրում է «Ազատությունը»։

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից փոխանցել են, որ սեպտեմբերի տեղահանումից հետո և ընդհանարապես 2023 թվականի ընթացքում Արցախից որևէ կալանավոր կամ դատապարտյալ իրենց չի փոխանցվել։ Վերջին անգամ Արցախից կալանավորներ 2020 թվականին են տեղափոխվել Հայաստան և ուղարկվել տարբեր քրեակատարողական հիմնարկներ։

«Այսինքն ստացվում է, որ Արցախից Հայաստան տեղափոխված կալանավորները ազատության մեջ։ Եվ սա այն դեպքում, երբ նրանցից 6-ը մեղադրվում են պետական դավաճանության և լրտեսության մեջ», գրում է «Ազատությունը»։

Այս տեղեկությունը փոխանցել է Արցախի իրավապահ համակարգի բարձրաստիճան մի պաշտոնյա։ Վերջինիս խոսքով՝ սեպտեմբերի 28-ին, երբ այլևս անհնար էր կալանավորներին պահել, իսկ նրանց Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ տեղափոխելու համար հատուկ մեքենա չկար, ստիպված Արցախի գլխավոր Դատախազությունը փոխել է կալանավորների խափանման միջոցը՝ ստորագրությամբ չհեռանալու մասին, և ազատ արձակել։ Իսկ գողության համար դատապարտված անձին պարզապես ազատ են արձակել։

Իրավապահ համակարգից որևէ մեկը չի պատասխանել այն հարցերին, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախում տարբեր հանցանքների մեջ մեղադրվող և այժմ Հայաստանում գտնվող մոտ մեկ տասնյակ անձանց, արդյո՞ք լրտեսության համար մեղադրվողները վտանգ չեն ներկայացնում Հայաստանի համար։

Գլխավոր դատախազությունն ընդհանրապես զերծ է մնացել մեկնաբանությունից։ Արցախից Հայաստան տեղափոխված իրավապահ մարմիները չեն գործում։ Նրանց գործունեության վերաբերյալ Հայաստանի իշխանություններն արցախցի պաշտոնյաներին դեռ որևէ բան չեն ասել։ Հետևաբար նրանք չգիտեն՝ լուծարվելու են, թե հետագայում կկարողանան ինչ-որ աշխատանքներ իրականացնել։

2020 թվականի պատերազմից հետո, Շուշին կորցնելու հետ միասին, կորցրել են նաև այնտեղ գտնվող միակ բանտը, այդ իսկ պատճառով կալանավորներին և դատապարտյալներին տեղափոխում էին Հայաստան։ Բայց երբ Ադրբեջանը 2022-ի դեկտեմբերին փակեց Հայաստանին կապող միակ ճանապարհը, կալանավորների համար Արցախում ինչ-որ մի տեղ էին հատկացրել։