Ամերիաբանկը 100 միլիոն դրամի աջակցություն կտրամադրի Արցախից տեղահանված և Շիրակի մարզի վեց համայնքում ապաստանած ընտանիքներին: Գումարը կուղղվի միակողմանի / երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ու 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների առաջնային կարիքների բավարարմանը:
Բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրված հայտարարության համաձայն Ամերիաբանկը ստեղծել է աշխատանքային խումբ, որը հոկտեմբերի 18-ին ուղևորվել է Շիրակի մարզ ծանոթանալու և տեղում գնահատելու մարզի Անի, Ախուրյան, Գյումրի, Աշոցք, Ամասիա և Արթիկ համայնքներում ապաստանած արցախցի հայրենակիցների կարիքները:
«Որպեսզի մեր աջակցությունը կրի համակարգված և հասցեական բնույթ, մենք առանձնացրել ենք այն ընտանիքները, որոնք այս պահին հատկապես ունեն մեր աջակցության և հոգատարության կարիքը»,- ասված է հայտարարության տեքստում:
Ավելի վաղ Ամերիաբանկը հայտարարել էր «Ամերիա Սերունդ․ Արցախ» հատուկ ուսումնական ծրագրի մեկնարկի մասին, որը նախատեսված է 18-35 տարեկան արցախցիների համար։ Կրթական ծրագրի անհրաժեշտ փուլերը հաջողությամբ անցնելուց հետո մասնակիցները կստանան հավաստագիր ծրագրին մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև` հնարավորություն շարունակելու մասնագիտական ուղին, աշխատելու ոլորտի պրոֆեսիոնալների հետ և հաջողելու պարագայում դառնալու Ամերիա ընտանիքի մի մասը կամ աշխատելու այլ կազմակերպություններում։
Ծրագրի մասնակիցները կստանան 1․5 ամիս մասնագիտական ինտենսիվ ուսուցում Երևանում և ամսական 200,000 դրամ (ներառյալ եկամտային հարկը և պարտադիր այլ վճարները) աշխատավարձ ուսուցման ընթացքում: