AM
18 October 2023 - 13:43 AMT

Դեսպան Մկրտչյանը՝ «CNN Հունաստանին»․ ԼՂ հակամարտությունն ավարտված չէ

Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը «CNN Հունաստանին» հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված չէ, հայտնում է Արմենպրեսը։

«Լեռնային Ղարաբաղը չի դադարում գոյություն ունենալ. Լեռնային Ղարաբաղի վարչակազմը կամ Լեռնային Ղարաբաղում կառավարումն է դադարում գոյություն ունենալ։ Լեռնային Ղարաբաղում հայկական կառավարումը կամ հայկական գոյությունը որոշ ժամանակով է դադարում գոյություն ունենալ։ Բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որպես այդպիսին, ավարտված չէ, քանի որ վերջին բռնությունների ավարտից բխող որոշ հարցեր կան։ Գիտեք, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանում կոմպակտ միավոր է՝ 100 հազարից ավելի փախստականներ, ովքեր բռնի տեղահանվել են իրենց տներից, Լեռնային Ղարաբաղի հարցը չի համարվում լուծված։ Սա այն է, ինչ կուզենային պատկերացնել ադրբեջանցիները. չկա ժողովուրդ Լեռնային Ղարաբաղում, հետևաբար՝ չկա և հակամարտություն։ Բայց իրավիճակն այդքան պարզունակ չէ, ինչքան կցանկանային ներկայացնել արդբեջանցիները։

Կան բազմաթիվ խնդիրներ, կան այս իրավիճակից բխող, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը, նրանց ունեցվածքի իրավունքը, որից ադրբեջանցիները փորձում են հնարավորինս արագ ազատվել։ Նրանցից շատերը տուժել են Լեռնային Ղարաբաղում մշակութային իրավունքների ոտնահարումից և այլ հանցագործություններից, իսկ այնտեղ առկա է հայկական հարուստ մշակութային ժառանգություն: Ցավոք, Ադրբեջանը կա՛մ աղավաղում է հայկական այս ժառանգության էությունը, կա՛մ փորձում է ոչնչացնել դրա մի մասը: Մենք ունենք նաև սարսափելի հանցագործությունների ապացույցներ, որոնք պետք է հնարավորինս արագ վերցվեն միջազգային դիտարկման, միջազգային վերահսկողության տակ»,–ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե, իր կարծիքով, ի՞նչ է մտադիր անել Ադրբեջանն այդ տարածքում՝ դեսպանն ասել է, որ պարզապես պետք է նայել Նախիջևան կոչվող հայկական մեկ այլ շրջանի, որը 100 տարի առաջ շատ հայ բնակչություն ուներ։

«Նախիջևանի բնակչության գրեթե կեսը հայեր էին։ Եթե միջազգային հանրությունը, ի վերջո, չգործի, չարթնանա, չզգուշացնի Ադրբեջանին, որ չի հանդուրժելու Նախիջևանում կատարվածի կրկնությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ցավոք, մենք կարող ենք տեսնել նմանատիպ սցենարի զարգացում առաջիկա տասնամյակների ընթացքում»,–ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։