AM
18 October 2023 - 13:49 AMT

ԱԳ փոխնախարարը՝ Փաշինյանի ելույթի մասին․ Հիասթափություն է հայտնել դաշնակիցներից, կոնկրետ երկիր չի նշել

Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում և մեղադրանքները դաշնակիցների հասցեին, ասել է, որ վարչապետը կոնկրետ երկիր չի նշել, միայն ընդգծել է, որ որոշ դաշնակիցներից հիասթափված ենք։

Հոկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է, որ այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր հայեր ԼՂ–ից փախչում էին ՀՀ, անվտանգության ոլորտի դաշնակիցները ՀՀ–ին ոչ միայն չէին օգնում, այլև այդ օրերին իշխանափոխություն անելու և ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին անում։

«Սենսացիոն հայտարարություններ չեն արվել։ Հայտարարության մեջ կոնկրետ երկիր չի նշվել։ Խոսվեց մեր դաշնակիցներից մի քանիսի մասին… Առաջին մասում խոսվեց հիասթափության մասին, բայց կոնկրետ դաշնակիցներ չնշվեցին», – ասել է Հովհաննիսյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա փոխարտգործնախարարը նշել է, որ Հայաստանի հիասթափությունը նրանց մի շարք գործողությունների վերաբերյալ բազմիցս հնչեցվել է:

Փոխնախարարի գնահատմամբ՝ Փաշինյանի ուղերձն առհասարակ հաստատում է ՀՀ քաղաքականությունը` հնարավորինս ընդլայնելու և խորացնելու հարաբերությունները Եվրամիության անդամ երկների հետ։

«Ոչ մի սենսիացոն բան չկար։ Եվրամիության հետ մեր հարաբերությունները միշտ ուղված են եղել ապահովելու բարեփոխումները։ Եվրամիությունը մնում է Հայաստանի բարեփոխման տեսանկյունից կարևորագույն գործընկեր»,– ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը հայտարարել է, որ Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը գնահատում է «անպատասխանատու և սադրիչ»։ Նա ասել է նաև, որ Փաշինյանը հսկայական քայլերով գնում է Վլադիմիր Զելենսկու հետքերով։