AM
18 October 2023 - 14:14 AMT

Մուշիկիվաբոն ՀՀ–ում է իր համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին՝ ԼՂ հայության բռնի տեղահանման պայմաններում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ, որի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին, այդ թվում` միջազգային հանրության կողմից ակնկալվող աջակցությանը:

Լուիզ Մուշիկիվաբոն նշել է, որ Հայաստան է ժամանել իր համերաշխությունն արտահայտելու հայ ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանման պայմաններում։

Վարչապետը ողջունել է տիկին Մուշիկիվաբոյի այցը Հայաստան և ընդգծել ՀՀ կառավարության համար Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության կարևորությունը:

Փաշինյանը նշել է, որ երկկողմ փոխգործակցությունը` հատկապես վերջին տարիներին, ակտիվորեն ամրապնդվում է և վստահություն հայտնել, որ տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերը նպաստում են ՖՄԿ անդամ պետությունների միջև կապերի զարգացմանն ու խորացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։