Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ Արցախում պայթյունից տուժած 20 բուժառու է տեղափոխվել արտերկիր, հիմնականում երեխաներ։
«20 պացիենտ է տեղափոխվել ԱՄՆ, Բուլղարիա, Բելգիա, Իսպանիա՝ բուժվելու։ Հիմնականում ուղարկել ենք երեխաներին և այն մեծահասակներին, որոնք ծանր վիճակում էին։ Երեխաների մասով ունենք դրական դինամիկա։ Անընդհատ կապի մեջ ենք բժշկական կենտրոնների, դեսպանատների ու համայնքի ներկայացուցիչների հետ։ Հույս ունենք, որ առաջիկայում, բուժման որոշակի փուլերն ավարտելուց հետո, նրանք կվերադառնան Հայաստան», – ասել է Ավանեսյանը, հայտնում է Aysor.am-ը։
Արցախի պայթյունից տուժած 180 պացիենտ կա ՀՀ բժշկական կենտրոններում, նրանցից 32-ի վիճակը ծանր է, 9-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր։
Նախարարը հավելել է, որ դեռևս ծանր վիճակում գտնվող շատ տուժածներ կան։
«Իհարկե, պետք է նշեմ, որ ունենք նաև դուրս գրվածներ, ունենք նաև դրական դինամիկա մեծ մասի մոտ, ինչը շատ կարևոր ու ուրախալի է։ Մեր բժիշկներն արդեն իրականացնում են բազմաթիվ վերակառուցողական վիրահատական միջամտություններ։ Գիտեք, որ այրվածքներից հետո վիրահատական ընթացքը բավականին երկար ու ծանր է, դեռ ամիսներ շարունակ մեր պացիենտները պետք է գտնվեն բժիշկների հսկողության ներքո»,–ասել է նա։
Սեպտեմբերի 25-ին Արցախի Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով հարյուրից ավելի զոհ կա, հարյուրավոր վիրավորներ։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։ Պացիենտները Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցից տեղափոխվել են Հայաստան, մի քանիսը տեղափոխվել են արտերկրի ԲԿ–ներ։






