AM
18 October 2023 - 15:10 AMT

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը հանդիպել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին

Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն հանդիպել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների, այդ թվում` երեխաների հետ: Այդ մասին նրա հետա համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Պետք է ընդգծեմ կազմակերպության կողմից Հայաստանի հետ համերաշխության կարևորությունը և մասնավորապես սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման կապակցությամբ Ձեր, տիկին Մուշիկիվաբո, հստակ ու հասցեական արձագանքը։

Ներկայումս Հայաստանը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար հայերի առաջնահերթ կարիքներին արձագանքելու համար: Այս ուղղությամբ մենք համագործակցում ենք նաև միջազգային գործընկերների հետ: Գիտեմ այսօր ինքներդ հանդիպել եք Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների, այդ թվում երեխաների հետ»,-ասել է Միրզոյանը։

Միրզոյանը նշել է, որ միջազգային արձագանքը կարևոր է ոչ միայն տեղի ունեցածին՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը և դրա նախապատրաստման քաղաքականությանը հստակ գնահատականներ տալու, նման մտածելակերպն առհասարակ դատապարտելու և մերժելու համար, այլ նաև հայրենազրկման ենթարկված մարդկանց հետագա իրավունքները պաշտպանելու համար:

«Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքով՝ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվեց՝ հերթական անգամ ի ցույց դնելով նման իրավիճակների կանխարգելման հարցում միջազգային համակարգի մեծ բացերը»,–ասել է Միրզոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ, որի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին, այդ թվում` միջազգային հանրության կողմից ակնկալվող աջակցությանը: