Հոկտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թըրներին՝ հավատարմագրերի պատճենն ընդունելու համար: Միրզոյանը վստահություն է հայտնել, որ որպես Հայաստանում Կանադայի առաջին ռեզիտենտ դեսպան, նա իր գործունեությամբ նշանակալի լիցք կհաղորդի արդեն իսկ լավ հիմքերի վրա կառուցվող հայ-կանադական բարեկամական հարաբերություններին, դրանց առավել ամրապնդմանն ու խորացմանը:
Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային իրավիճակին՝ նախարարը շեշտել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն իր իսկ անունով բնութագրելու, Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավել հայերի առաջնային կարիքները պատշաճ ապահովելու, ինչպես նաև նրանց իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունը: Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են նաև փոխադարձ բարձրաստիճան այցելությունները:
Երկուստեք կարևորվել է Երևանում Կանադայի դեսպանություն հիմնելու որոշումը, ինչը վկայում է հայ-կանադական դինամիկ զարգացող օրակարգը տարբեր ուղղություններով ընդլայնելու երկկողմ պատրաստակամության մասին:
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ դեսպանն իր առաքելությունը ստանձնել է Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում: Ընդգծվել է Հայաստանում ժողովրդավարությանը, ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ամուր աջակցության կարևորությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված գործընթացի և առկա հիմնական հարցերի վերաբերյալ:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։