AM
19 October 2023 - 09:08 AMT

Թովմասյան․ Արցախահայությանն օգնելու հրատապ անհրաժեշտություն կա՝ ահազանգել եմ միջազգային գործընկերներիս

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանըահազանգել է միջազգային գործընկերներին արցախահայությանն օգնելու հրատապ անհրաժեշտության մասին՝ նրանց սեփականության իրավունքի, Արցախում մշակութային ժառանգության պահպանման հարցերի հրատապ կարգավորման անհրաժեշտության մասին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ապօրինի օկուպացիայից հետո արցախահայությունը զրկված է ոչ միայն իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու, այլև իր անշարժ և շարժական գույքը տնօրինելու, հոգևոր, պատմամշակութային ժառանգությունը պահպանելու իրավունքներից։

Միջազգային գործընկերներիս խնդրել եմ իրենց մանդատի շրջանակներում ձեռնարկել գործուն քայլեր․

-ապահովել արցախահայության սեփականության իրավունքի իրացումը,

-հնարավորություն տալ վերջիններիս ազատ և անկաշկանդ տնօրինել իրենց գույքը (անշարժ, շարժական, կենդանիներ),

-Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պատկանող գույքի անօրինական տնօրինման դեպքում պահանջել վնասի փոխհատուցում,

-նպաստել մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանն Արցախում, որտեղ 10 հազարից ավելի հուշարձաններ կան։ Ինչպես Արցախում այս պահին գտնվող ռուս խաղաղապահները, այնպես էլ ՄԱԿ միջազգային դիտորդները (որոնց Արցախում տեղակայման անհրաժեշտության մասին գրություններ էի ուղարկել միջազգային գործընկերներիս, իսկ միջազգային մի շարք դերակատարներ էլ հաճախ խոսում են դրա կարևորության մասին) պետք է արգելեն Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու և հայկական մյուս կրոնական կոթողների պղծման ու ոչնչացման հանցավոր սցենարի կրկնումը»,–ասվում է գրառման մեջ։

Պատգամավորը հույս է հայտնել, որ իր ահազանգերը կստանան իրենց պատշաճ լուծումը, որոնց ուղղությամբ իր կողմից իրականացվող ամենօրյա ջանքերը կլինեն շարունակական։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։