Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3000 մարդ հեռացել է Հայաստանից։ Նա կոչ է արել արցախցիներին չարտագաղթել։
«Գուցե շատերը գնում են իրենց ազգականներին տեսնելու։ Ես կոչ եմ անում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր եղբայրներին ու քույրերին, որ որպես առաջնային պլան ունենան ՀՀ-ում մնալը։ Մենք ամեն ինչ անում ենք նրանց աջակցելու համար։ Այն դեպքում, երբ դե ֆակտո ցանկություն կամ հնարավորություն չի լինի վերադառնալ ԼՂ, մեր քաղաքականությունն է ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում»,–ասել է Փաշինյանը։
Վարչապետը հավելել է, որ ավելի քան 100 միլիոն դոլարի հատկացում է արվել արցախցիներին աջակցության ծրագրերի համար։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։